Դիարբեքիրից Հայաստան ժամանած, իսլամ դավանող Էրդալ Մերկանը, որին մերժել էին մկրտել Հայ առաքելական եկեղեցում, Թուրքիա վերադառնալու հաջորդ օրը փոխել է անձնագիրը, որտեղ նշված է, որ նա հայ քրիստոնյա է, եւ այժմ նա ավելի մոտ է Հայ առաքելական եկեղեցում մկրտվելու իր երազանքին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18–ին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Արևտմահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը՝ ավելացնելով, որ Էրդալը փոխել է նաեւ իր անունը, այժմ նա դարձել է Փարամաս։

«Ապարդյուն չարչարանքներից հետո ես խաչերը գցեցի իրենց վիզը եւ ասացի` դուք կարեւորը հոգով եք քրիստոնյա, եւ ճանապարհեցինք։ Հասնելու հաջորդ օրը՝ օգոստոսի 14–ին, Էրդալը գնում է ոստիկանության անձնագրային բաժին եւ ասում, որ հենց հիմա ինքը պետք է ստանա նոր անձնագիր եւ փաստաթուղթ, որտեղ գրված լինի, որ ինքը քրիստոնյա է, հայ քրիստոնյա։ Ինքն անձամբ զանգահարեց եւ տեղեկացրեց այդ մասին, որովհետեւ ինձ կնքահայր է ասում։ Ես ողջունեցի նրա այդ հուզիչ քայլը։ Սա բացառիկ համարձակություն է, որովհետեւ Թուրքիայում ապրող ցանկացած մեկը, ով իրեն թուրք չի կոչում, գլխին մեծ վտանգ է կախված»,– պատմեց պատգամավորը։

Արագած Ախոյանի խոսքով՝ Էրդալն այժմ ունի այն փաստաթուղթը, որը նրանից պահանջել էին Էջմիածնում մկրտվելու համար, եւ շուտով պատրաստվում է օրհնություն ստանալ հայկական եկեղեցիներից մեկում։ 

«Ամենակարեւորն այստեղ այն էր, որ նա չնեղացավ մեր երկրից եւ եկեղեցուց։ Նա բարձր գտնվեց։ Նա բարձր գտնվեց ոչ թե չմկրտողներից, այլ մկրտել թույլ չտվողներից։ Իսկ թույլ չտվողները մեր եկեղեցին չէր, դա ավելի խորքային էր։ Եկեղեցին փաստաթուղթ էր ուզում, որ ինքը հայ է։ Դա զավեշտալի պահանջ է, այն էլ ումի՞ց` այն մարդկանցից, ովքեր 100 տարի իրենց ինքնությունը գաղտնի են պահել, որպեսզի ֆիզիկական բնաջնջման չենթարկվեն։ Փաստորեն, Էրդալն արդեն այդ փաստաթուղթն էլ ունի, հուսամ՝ շուտով կմկրտվի»–ասաց նա։