Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ն Եվրոպայում իր օդադեսանտային զորքերի համատեղ խոշորագույն զորավարժություններն է անցկացնում: Այս մասին հայտնել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը:
«Արագ պատասխան-15» (Swift Response 15) անվանումը կրող բազմազգ այս զորավարժություններին մասնակցում են 11 երկրների ավելի քան 4,8 հազար զինծառայողներ: Այդ երկրներն են Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Վարժանքներն սկսվել են օգոստոսի 14-ին եւ կտեւեն մինչեւ սեպտեմբերի 13-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպայում ամերիկյան ցամաքային զորքերի հրամանատարության խոսքով, խոսքը «սառը պատերազմից հետո Եվրոպայում օդադեսանտային ուժերի ամենախոշոր համատեղ միջոցառման մասին է»: Զորավարժությունների գագաթնակետը կլինի օգոստոսի 26-ին, երբ պարաշյուտիստներ կիջեցվեն Գերմանիայի Հոխենֆելսի եւ Բուլղարիայի նովո Սելոյի հրաձգարաններում: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր դեպքում՝ կիջեցվի մոտ հազար դեսանտային:





























