Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Եվգենիա Վասիլեւան «Օբորոնսերվիսի» գործի վերաբերյալ կայացված դատավճռի հիման վրա փոխահատուցել է  216 միլիոն ռուբլու վնասը եւ իր, եւ այս գործով մյուս դատապարտվածների փոխարեն:  

«Փողը – մի քանի փոխանցմամբ – անցյալ շաբաթ նստել է այն կազմակերպությունների եւ ձեռնարկությունների հաշիվներին, որոնք այս գործով տուժած էին ճանաչվել:  216 միլիոն 287 հազար 223 ռուբլին վճարել է Վասիլեւայի հայրը»,- հաղորդում է Ինտերֆաքսը` վկայակոչելով իր աղբյուրին:

Մոսկվայի Պրեսնենյան շրջանի դատարանը մայիսի 8-ին «Օբորոնսերվիսի» գործով հիմնական մեղադրյալ Վասիլեւային դատապարտել է հինգ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի կալանավայրում: Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր ծավալի խարդախության վեց կետով (ՌԴ ՔՕ 159, մաս 4), անօրինական եղանակով ստացված գումարների օրինականացման (ՌԴ ՔՕ հոդված 174), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար (ՌԴ ՔՕ հոդված. 201):

 «Օբորոնսերվիսի» գործով եւս չորս մեղադրյալի դատարանը ազատազրկման է դատապարտել 3,5-ից 4 տարով եւ 3 ամսով: