Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենի հերթական մրցույթը կկայանա օգոստոսի 26-ին, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ նախկին տնօրեն, նախկինում դատապարտված Սուսաննա Սարգսյանը: Այս մասին հայտնում է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Անահիտ Բախշյանի խնդրի վերաբերյալ բաց նամակով դիմել է պատկան մարմիններին:

«Շուրջ 2 տարի է՝ Երեւանի թիվ 27 դպրոցը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը, որովհետեւ նախկին տնօրենը դատապարտվել է 26.12.2013թ. ԵՇԴ-136/01/13 թվակիր դատավճռով եւ Երեւանի քաղաքապետի հրամանով ազատվել աշխատանքից:

Շատ անհասկանալի հիմնավորմամբ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը հայտարարվեց  համապատասխան կարգի խախտմամբ՝ 8 ամիս հետո, 2014թ. օգոստոսի 1-ին, որին որպես թեկնածու՝ մասնակցեց նաեւ սույն  անձը, որի դատվածությունը դեռեւս մարված չէր եւ դպրոցի կառավարման խորհուրդը պարզապես չպետք է վերցներ փաստաթղթերը: Փաստաթղթերը վերցրեցին, նա մասնակցեց մրցույթին, կառավարման խորհրդի 4 անդամ փակ քվեարկությամբ քվեարկեց դատապարտված ու դատվածությունը չմարված մանկավարժի օգտին: Բարձրացավ համապատասխան օրինական աղմուկ, եւ Երեւանի քաղաքապետի հրամանով մրցույթը չեղյալ հայտարարվեց, որը Սուսաննա Սարգսյանի կողմից բողոքարկվեց դատարանում: Այս դատը, որի վճիռն ի սկզբանե ակնհայտ էր, անհիմն ձգձգվեց  9 ամիս  եւ հրապարակվեց 2015թ. մայիսի 19-ին, ուժի մեջ մտավ հունիսի 19-ին, իսկ նախկին տնօրենի դատվածության մարման ժամկետը հունիսի 26-ն էր:

2015թ. ապրիլի 4-ին տարածածս հոդվածում մտահոգություն եմ հայտնել, որ քաղաքապետարանի կողմից ամեն ինչ արվում է Երեւանի քաղաքապետի դեմ թիվ 27 դպրոցի նախկին տնօրենի հարուցած դատավարությունը ձգձգելու համար, որպեսզի նրա դատվածությունը հասցնի մարվել եւ կրկին իրավունք ունենա առաջադրվել: Մտահոգությունս հաստատվեց:

2015թ. Օգոստոսի 26-ին կկայանա Երեւանի թ.27 դպրոցի տնօրենի հերթական մրցույթը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ նախկին տնօրեն, դատապարտված անցյալով Սուսաննա Սարգսյանը: Եզրակացությունս մեկն է՝ Երեւանի քաղաքապետն ամեն ինչ արեց, որպեսզի գա այս օրը: Ես ընդամենը հիշեցնեմ պարոն քաղաքապետին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի իրեն  ուղղված միջնորդագրի մասին: Մեջբերում եմ  նշածս փաստաթղթից. «Պարզվում է նաեւ, որ դպրոցի կողմից 2011թ. եւ 2012թ. հաշիվ ապրանքագրերով դպրոցի կարիքների համար ձեռք է բերվել  2.212.000 դրամ արժողության գույք (մալազիական խոհանոցային սեղաններ, աթոռներ, մսաղաց, փոշեկուլ, արդուկի սեղան, բազկաթոռներ, լրագրասեղան, «Սոնի Բրավիա»  մոդելի հեռուստացույց, լոգարանի պահարան եւ կերամիկական լվացարան), որոնք, ըստ Ս.Սարգսյանի, մինչեւ 2013թ. հունիս ամիսը գտնվել են համապատասխան խանութների պահեստներում: Իրականում այդ գույքը գտնվում էր  դպրոցի գարաժում: Միջնորդագրում   մանրամասն նկարագրելով Սուսաննա Սարգսյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման եւ վատնման ճանապարհներով պետությանը պատճառած վնասի մասին, դատախազը միջնորդել էր  քննարկել սույն միջնորդագիրն ու հանձնարարել  տնօրեններին՝ բյուջետային գումարները խստագույնս ծախսել դպրոցի շահերի համար: Այսինքն անձը դատապարտվել է  կոռուպցիայի համար ու օրենքը թույլ է տալիս ընտրվելու դեպքում՝ շարունակել նրա գործունեությունը:

Հիշեցնեմ նաեւ, որ այն, ինչի համար դատապարտվել է նախկին տնօրենը,  դրա դեմ «պայքարում» է նաեւ ՀՀ վարչապետի ղեկավարած  հակակոռուպցիոն հանձնաժողովը, որի նպատակն է՝ պետական այրերը չչարաշահեն պաշտոնեական դիրքը, չվատնեն ու արդյունավետ ծախսեն պետական միջոցները:

Հարգելի ՀՀ վարչապետ, ասում ենք չէ՞, որ դա խիստ ձեւական հանձնաժողով է, ասում եք՝ չէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէ, պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Ինչեւէ, եթե դպրոցի կառավարման խորհուրդը «կողմ»  քվեարկի դատվածություն ունեցող թեկնածուի օգտին, ապա դրանով ընդամենը կհաստատի, որ այս պայքարը իշխանությունների կողմից լրիվ ձեւական է, իսկ կառավարման խորհուրդը, որի մեջ քաղաքապետի, կրթության նախարարի ներկայացուցիչներն են, պատասխանատվություն են կրում ընտրված տնօրենի  բարոյական կերպարի համար:

Կոչ եմ անում թ.27 դպրոցի կառավարման խորհրդի բոլոր անդամներին՝ զերծ մնալ վարկաբեկվելուց, հիշեք, որ յուրաքանչյուրիդ հեղինակությունը շատ ավելի թանկ արժե, քան ինչ որ մարդու հաճոյանալու գինը»: