Իսլամացած հայերին Հայ առաքելական եկեղեցին չի մկրտում 2 կարևոր պատճառով՝ նրանցից շատերը մկրտության վկայական ստանալուց հետո գնում են Եվրոպա ու շարունակում գնալ մզկիթ, և կա մտավախություն, որ նրանք թուրքական հատուկ ծառայությունների կողմից գործուղված մարդիկ կարող են լինել և խառնվել համայնքի գործերին:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
«80-ականներին մենք ասում էինք` եթե հայ է, ինչու՞ չմկրտենք, ինչու նրան օգտակար չլինենք, բայց տեսանք, որ մկրտվողների մեծամասնությունը ոչ թե քրդախոս հայեր են, այլ քրդեր են»,- ասաց Կոմիտաս վարդապետը՝ հավելելով, որ նրանցից շատերը մկրտության վկայական ստանալուց հետո գնում էին եվրոպական երկրներ` ասելով, որ հայ քրիստոնյաներ են ու կացության թույլտվություն ստանալուց հետո գնում էին մզկիթ:
Կոմիտաս վարդապետը նշեց, որ հայ առաքելական եկեղեցում իսլամացած հայերին մկրտելու համար անհրաժեշտ է վստահ լինել, որ նրանք հայ են ու այլ նպատակներ չեն հետապնդում։
Նրա խոսքով՝ Պոլսո համայնքի անվտանգության ու պահպանության հարցը նույնպես փոխկապակցված է այս խնդրի հետ, քանի որ ձևանալով որպես բռնի իսլամացած հայերի ժառանգներ՝ թուրքական հատուկ ծառայություններիկողմից գործուղված մարդիկ կարող են խառնվել համայնքի գործերին, ինչի նախադեպեր, ըստ նրա, եղել են։
«Մկրտվել ցանկացողը պիտի կրոնափոխ լինելու դիմում ներկայացնի իր համայնքին, որից հետո, սովորելով մեր եկեղեցու դավանանքը, կարող է մկրտվել։ Ինչպե՞ս եք պատկերացնում թուրքական անունով որևէ մեկը գա ու ասի, որ ուզում է մկրտվել և մենք առանց նրա մասին տեղեկությունների մկրտենք նրան»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին չէր մկրտել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացած երեք հայերի ժառանգներին, որոնք ցանկություն էին հայտնել մկրտվել Հայաստանում և դառնալ քրիստոնյա։





























