Ամերիկյան ոստիկանությունը խուզարկություն է կատարել Kiss ռոք-խմբի հիմնադիր եւ վոկալիստ Ջին Սիմոնսի լոսանջելեսյան տանը:
Խուզարկությունն իրականացրել է այն ստորաբաժանումը, որը հետաքննում է երեխաների հանդեպ առցանց հանցագործությունները: Իշխանությունների ներկայացուցիչները վստահեցնում են, թե ոչ երաժիշտը, ոչ էլ նրա ընտանիքը այդ գործով մեղադրյալ չեն: Այլ մանրամասներ չեն հաղորդում, որպեսզի չազդեն հետաքննության ընթացքի վրա: Նաեւ անհայտ է մնում, թե ճշգրիտ ինչ են փնտրել ոստիկանները, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով CNN-ին:
Սիմոնսի ներկայացուցչի խոսքով, խուզարկությունը կապված է եղել այն հանցագործության հետ, որը կարող է կատարված լինել անցյալ տարի` տան տարածքում: Նա նշել է, որ այդ ընթացքում երաժիշտն իր խմբի հետ շրջագայության է մեկնած եղել:
«Մենք սարսափած ենք այն մտքից, որ ինչ-որ մեկը մեր տունն օգտագործել է նման զազրելի հանցագործություն կատարելու համար », իր Twitter-ում գրել է երաժշտի կինը` Շենոն Սիմոնսը:





























