Ծեծի ենթարկված «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանի վիճակը ծանր կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԵՊԲՀ մամուլի պատասախանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
Վարազդատ Խոցանյանը գտնվում է թիվ 1 համալսարանական կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում: Նրան այժմ հետազոտում են, շնչում է ինքնուրույն, գիտակցությունը տեղն է: Վարազդատ Խոցանյանը ստացել է դիմածնոտային համակարգի վնասվածք, դիմային ոսկորի կոտրվածք, ուղեղի ցնցում, թոքերի սալջարդ: Նրան պետք է վիրահատեն դիմային ոսկրերի, կոտրվածքների համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:
Վարազդատ Խոցանյանը այն մարդն է, ով պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ: Վերջին անգամ նա ապահովել է Քիմ Քարդաշյանի ու Շեյխուզի Մոզանի անվտանգությունը:

































