NEWS.am-ի նոր մանրամասներ են հայտնի դարձել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանի վրա հարձակվելու դեպքից: Մեզ հասած տեղեկություններով՝ հարձակվողների մեջ եղել է «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զույցում հաստատեց «Պանտերայի» հիմնադիր-տնօրեն Վահե Դարբինյանը:
Նա նշեց, որ կոնֆլիկտը հենց նրա հետ է եղել: «Դեպքի մասին իմացել եմ ժամը 04.00-ի մոտակայքում, ինձ զանգել են, անմիջապես գնացել եմ հիվանդանոց, որպեսզի տեսնեմ՝ ինչ է կատարվում: Սկսեցի հարցուփորձ անել, իմացա, որ լրիվ անիմաստ, իր աշխատանքի հետ կապ չունեցող թեմայով է եղել վեճը: Ինքը դուրս էր գալիս «Տոտոյից», այնտեղ կանգնած երիտասարդներ են եղել, մեջը ծանոթ մարդ է եղել, ասել է՝ արի ծանոթացնեմ, ինքն էլ երեւի չի ուզել ծանոթանալ՝ իմանալով ովքեր են, կամ էլ չուզելով է մոտեցել, երեւի դրանից էլ վեճ է առաջացել, ուզել են իրենց լավ տղությունը ցույց տալ: Իրենց բարբառով են խոսել, ախալքալաքցիներ էին, կողքից չէն էլ հասկացել՝ ինչ են ասում, մեկ էլ հետեւից մի բանով խփել են իրեն: Վարազդատին ծեծելը հեշտ չի, նա ֆիզիկապես լավ պատրաստված մարդ է, իրեն նեյտրալիզացրել են, սկսել են «դաբիվատ անել», հասցրել է կանչել մեր մյուս աշխատակցին, իսկ մինչեւ նա հասնի, սրանք փախել են, մերոնք էլ անմիջապես տարել են հիվանդանոց»,-պատմեց Վահե Դարբինյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:
Ի դեպ, երբ համացանցում որոնում էինք Վանիկ Թանգամյանի որդի, պարզվեց, որ նա մի քանի ծեծկռտուքի եւ աղմկահարույց միջադեպերի կենտրոնում է հայտնվել: 2013թ մարտի 14-ին նա մասնակցել է Փափազյան փողոցում «Հայր եւ որդի Երիցյաններ» խանութի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին: Իսկ դրանից մեկ տարի առաջ էլ նմանատիպ մի դեպք էլ տեղի էր ունեցել Կենտրոն վարչական շրջանում՝ Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող դիսկոտեկ-գիշերային ակումբներից մեկում, որի ժամանակ վեճն ավարտվել էր դանակահարությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:

































