Գյումրիում օգոստոսի 20-ին դանակահարված 22-ամյա երիտասարդը որեւէ կապ չունի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Այս մասին պարզաբանում է ուղարկել պատգամավորի գրասենյակը՝ անդրադառնալով NEWS.am-ի հրապարակմանը, թե տուժածն աշխատում է Մարտուն Գրիգորյանին պատկանող գիշերային ակումբում:

Ցավով տեղեկացանք Գյումրիում տեղի ունեցած հերթական հանցագործության մասին: Բժշկական կենտրոնում բուժում է ստանում 22 տարեկան երիտասարդը ծակող-կտրող գործիքից առաջացած ծանր վերքերով: Կատարվածը, անշուշտ, ցնցել է քաղաքի հասարակությանը, եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները արագ կբացահայտեն հանցագործությունը: Առողջություն ենք մաղթում երիտասարդին։

Դեպքի մասին NEWS.am-ի տարածած տեղեկավության մեջ տուժողը ներկայացվում է՝ որպես ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բարեկամ եւ իբր պատգամավորին պատկանող գիշերային ակումբներից մեկի աշխատակից:

Լիազորված ենք հայտնել, որ սույն տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, տուժողը պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բարեկամը չէ եւ որեւէ գիշերային ակումբ Մարտուն Գրիգորյանին չի պատկանում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը փորձել էր մեկնաբանություն ստանալ պատգամավորից, կամ նրա գրասենյակից, սակայն նրանց հետ կապ հաստատել չէր հաջողվել, քանի որ արձակուրդում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիիում օգոստոսի 20-ին` ժամը 16:35-ի սահմաններում գրանցվել է դանակահարության դեպք: «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծակող-կտրող գործիքով վնասվածքներ ստացած, Գյումրի քաղաքի Անի թաղամասի 22-ամյա բնակիչ Սուրեն Առաքելյանը:  NEWS.am-ի տեղեկություններով՝ Սուրենը վիճել է 3 երիտասարդների հետ Գարեգին Նժդեհ փողոցի վրա գտնվող «Վիվա»  խանութի մոտ, վեճի ընթացքում երիտասարդներից մեկը դանակահարել է Սուրենին։

Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` տուժող Սուրեն Առաքելյանը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բարեկամն է եւ աշխատում է պատգամավորին պատկանող գիշերային ակումբներից մեկում։