«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը համոզված է, որ Մհեր Սեդրակյանի թիմակիցներն են ստիպել իր մորը հայտարարել, թե իբր իր եւ հարսի միջեւ է ծեծկռտուքը եղել, եւ պատգամավորը կապ չունի ամբողջ պատմության հետ: NEWS.am-ի հետ զրույցում Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ինքը կփորձի այնպես անել, որ իր մայրը  հայտարարությամբ հանդես գա եւ պատմի, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

«Մորս տնից  ոստիկանություն են տարել, բացատրություն են պահանջել նրանից: Չեմ բացառում, որ անձամբ Սեդրակյանն էլ է հանդիպել մորս հետ, վախեցրել նրան: Մայրս քաջատեղյակ լինելով Մհեր Սեդրակյանի գործած հարյուրավոր հանցագործությունների մասին, որոնք մինչեւ այժմ չեն բացահայտվել, վախեցել է իմ համար եւ սկսել նման բաներ ասել, նա շատ լավ հասկանում է, թե Սեդրակյանն ինչերի է ընդունակ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իր մայրիկին ճանաչողները, բոլորը զարմացած են նրա պահվածքից ու հայտարարությունից:

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է օգոստոսի 20-ին՝  ՀՀԿ նիստի ժամանակ  նախագահի հանձնարարականից հետո՝ ամեն ինչ անել մեղավորներին բացահայտելու եւ պատժելու համար:

«Ամեն  ինչ սկսվեց ՀՀԿ նիստից հետո, երեկվա ընթացքում համացանցում անհեթեթ ձայնագրություններ տարածվեցին, մայրիկիս ահաբեկեցին նման հայտարարություններ անելու համար, ոմանք ինձ վարկաբեկելու համար, հայտարարեցին, որ ես հոգեկան խնդիրներ եմ ունեցել եւ գրանցված եմ ինչ-որ հոգեբուժական հաստատությունում եւ  այլն»,-ասաց նա:

Վահան Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ իր կինը ծեծի ենթարկվելուց հետո երեխային կորցրել է եւ ոչ մի բուժհաստատություն իրեն դրա վերաբերյալ տեղեկանք չի տրամադրում՝ խուսափելով խնդիրներից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 21-ին,  «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը, հայտարարել է, որ իր հարսին եւ տղային ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները չեն ծեծել, դա ընդամենը եղել է ընտանեկան վեճ:

Ինչպես հաղորդել էինք օգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին եւ նրա կնոջը իրենց տանը մի խումբ անձինք ծեծի են ենթարկել: Վահան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ օգոստոսի 15-ին երեկոյան իրենց ծեծի են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: