Օգոստոսի 21-ին հրկիզողները հարձակվել են Գերմանիայի հարավային մասում`Բավարական հողում գտնվող փախստականների ապաստանի վրա: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Հրշեջները կարողացել են արագ մարել հրդեհը Նոյշտադտ Վալդնաբե քաղաքում գտնվող փախստականների ճամբարում այն բանից հետո, երբ շենքի մի բնակիչ ուշ գիշերին համապատասխան ծառայությանը տեղեկացրել է հրդեհի մասին:
Շենքի 19 բնակիչները, որոնց մեջ նաեւ երեխաներ կան, չեն տուժել: Բոլորը վերադարձել են ապաստան:
Փախստականը ոստիկանությանը պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես երկու մարդ դուրս են ցատկել առաջին հարկի պատուհանից, իսկ երրորդը գտնվել է շենքում: Հետո նրանք երեքն էլ փախել են: Ոստիկանությունը հայտարարել է, որ չի կարելի բացառել այլատյացական դրդապատճառները, բայց հետաքննությունն ընթանում է բոլոր ուղղություններով:
Արժե նշել, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Գերմանիայում հրկիզման կամ այլ բնույթի հարձակման 150 դեպք է եղել, որոնց հետեւանքով վնասվել կամ ավերվել են փախստականների ճամբարներ:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, երկրի կառավարությունը խստորեն դատապարտել է այդ հարձակումները: Կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ նման գործողությունները «ոչ մի արդարացում» չունեն: Ակնկալվում է, որ այս տարի մոտ 800 հազար փախստական կդիմի Գերմանիայում ապաստան ստանալու խնդրանքով. Դա Եվրամիությունում ամենամեծ թիվն է:































