Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեի հանրակացարանային շենքի վերաբնակեցման ծրագրի 2-րդ փուլի վիճակահանությունը: Ծրագրի այս փուլում ներառված է 45 ընտանիք:
Նիստը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 45 ընտանիքների ներկայացուցիչները, վիճակահանության սկզբունքով, ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 շենքի հարկաբաժիններում առկա 1, 2 եւ 3 սենյականոց 45 բնակարանները: Հարկ է նշել, որ ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներն ընտրվել էին բնակիչների կողմից բաց քվեարկությամբ ընտրված շենքի լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված ցանկի համաձայն:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին եւ տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ:
Բնակարանների բաշխման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին:





























