Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել, թե ինչու է Երեւանում հունիսի 4-ին առանձնատան 3-րդ եւ 4-րդ հարկերը բաժանող բետոնե հատվածի եւ վերելակի մեջտեղում մնացած 5-ամյա աղջնակի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել
ՔԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 613 եզրակացության համաձայն՝ Լ.Բադասյանի մահը վրա է հասել սուր շնչական անբավարարությունից, որն էլ առաջացել է պարանոցի, կրծքավանդակի, որովայնի օրգանների բութ առարկաներով սեղմման-ճնշման հետեւանքով զարգացած հիպօքսիկ էնցեֆալոպիայով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ յոթնամյա տղան, վերջինիս հինգուկեսամյա քույրիկը եւ նրանց դայակը նստել են առանձնատան վերելակը՝ 4-րդ հարկ բարձրանալու համար: Դայակը կանգնել է դռների դիմաց, իսկ երեխաները՝ ձախ եւ աջ կողմերում։ Հանկարծ վերելակը կանգ է առել եւ նկատել են, որ փոքրիկ աղջնակը մարմնի վերեւի հատվածով թեքված է դեպի առաջ, իսկ գլուխը՝ վերելակի աջ կողմից դուրս՝ վերելակի կողային երկաթի եւ երրորդ ու չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի միջեւ: Դայակը գրկել է երեխայի որովայնի հատվածից, որպեսզի չշարժվի եւ չվնասվի, ու զանգահարել երեխաների մորը, ապա՝ 911: Փրկարար ծառայության աշխատակիցները ժամանել են, դուրս բերել փոքրիկին ու տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Պարզվել է, որ դիտարկվող առանձնատանը վերելակը տեղադրվել է մոտ 2 տարի առաջ եւ պատրաստվել է բանվորների կողմից։ Ընտանիքի հայրը հայտնել է, որ վերելակը գտնվել է սարքին վիճակում, վերելակի հետ կապված երբեք որեւէ խնդիր չի առաջացել։
Նախքան տեղադրվելը՝ վերելակը որեւէ կազմակերպության կողմից տեխնիկական ստուգման չի ենթարկվել, վերելակը որեւէ կազմակերպությունում գրանցված չի եղել եւ երբեք վերելակը որեւէ կազմակերպության կողմից տեխնիկական անվտանգության ստուգման չի ենթարկվել, չի սպասարկվել:
Քննությամբ պարզվել է, որ առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության սպասարկումն իրականացվում է արտոնագրված կազմակերպությունների կողմից՝ պայմանագրային հիմունքներով: Նշված առանձնատան սեփականատերը տեղադրված վերելակի տեխնիկական անվտանգության սպասարկման համար պայմանագիր չի կնքել եւ վերելակի շահագործման ողջ ընթացքում այն որեւէ կազմակերպության կողմից տեխնիկական անվտանգության ստուգման չի ենթարկվել, այսինքն որեւէ կազմակերպություն պատասխանատվություն չի կրում նշված տանը գործող վերելակի տեխնիկական անվտանգության համար: ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում. տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար՝ դրանց համար պատասխանատու անձի կողմից:
Դրանից բացի՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ աղջնակը մարմնական վնասվածքներն ստացել եւ մահացել է անզգուշաբար գլուխը վերելակի կողային հատվածից դուրս հանելու արդյունքում գլուխը վերելակի կողային երկաթի եւ տան երրորդ ու չորրորդ հարկերը միմյանցից բաժանող բետոնե հատվածի միջեւ հայտնվելու հետեւանքով: Այսինքն՝ քրեական գործի նյութերում բացակայում է հանցագործության դեպքը: Հետեւաբար, քննիչը որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 սեփական տան վերելակը, որ առանց դռների է եղել, 2015թ. հունիսի 4-ին արգելափակվել է երրորդ եւ չորրորդ հարկերի արանքում, ինչի հետեւանքով վերելակի ներսում գտնվող 5-ամյա աղջնակը երեխան մահացու վնասվածք է ստացել:





























