Ադրբեջանի իշխանությունների ուշադրության շնորհիվ՝ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից փախստականներն իրոք սարսափելի պայմաններում են ապրում:
Ըստ haqqin.az-ի, նախկին գլխավոր հիվանդանոցի տարածքում տեղավորվածները բողոքում են անտանելի պայմաններից: Առանց պատուհանների, խարխուլ եւ վթարային շինությունում հարյուրավոր երեխաներ են մեծանում: Շենքի բնակիչները պատմում են, որ վերջերս իրենց մոտ հանձնաժողով է եկել, բայց պաշտոնյաները կտրականապես հրաժարվել են բարձրանալ վերին հարկեր եւ իրենց աչքով տեսնել, թե բնակարաններն ինչ սարսափելի վիճակում են:
Թանկարժեք կոստյումներով պետական պաշտոնյաներն ուղղակի չեն ցանկացել մտնել գարշահոտ շենք: Չնայած բնակիչները լրագրողներին հաճույքով պատմում են իրենց խնդիրները, այնուամենայնիվ, հրաժարվում են ներկայանալ: Խոստովանում են. պատճառն այն է, որ ապագայում բնակարան ստանալու հետ կապված խնդիրներ կարող են ունենալ:
Առաջին հարկում ապրող ընտանիքները ծվարել են 15-20 քառակուսի մետր մակերեսով բնակարաններում: Չնայած սանհանգույցի բացակայությանը՝ առաջին հարկի բնակարանները «էլիտար» են համարվում, որովհետեւ դրանցում դեռեւս պատուհաններ ու դռներ կան: Կոյուղին չի գործում, ամբողջ ջուրն ու կեղտը լցվում է նկուղ, որտեղից էլ գարշահոտություն է տարածվում: Առնետներն ու ուտիճները նույնպես շենքի մշտական բնակիչներն են: Այնքան են սովորել մարդկանց, որ չեն վախենում եւ հանգիստ զբոսնում են միջանցքներում` երբեմն նաեւ մտնելով բնակարաններ: Ինչ վերաբերում է սենյակներին. դրանք միջանցքից առանձնացված են սովորական վարագույրով: Դռների բացակայությունը բազմաթիվ գողությունների պատճառ է դառնում: Մի ընտանիք էլ հենց վերելակում է ապրում:
Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարությունն ամեն հարմար առիթով բարձրագոչ հայտարարում է մեկ միլիոն, մեկ ու կես միլիոն եւ ավելի փախստականների մասին: Բացի այն, որ թիվը մի քանի անգամ ուռճացված է, Ալիեւների կլանը չի ցանկանում նավթադոլարների նույնիսկ մի փոքրիկ մասը ծախսել փախստականների համար մարդկային կենսապայմաններ ապահովելու նպատակով:


































