Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն օգոստոսի 19-ի երեկոյան պետական ընթրիք են տվել Երեւան ժամանած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա տիկնոջ` Սվետլանայի պատվին:

Ընթրիքի ժամանակ երկու նախագահներն ընդգծել են երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի փոխշահավետ ու արդյունավետ համագործակցությունը ապագայում եւս կշարունակվի:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահն իր կնոջ հետ Հայաստան է ժամանել օգոստոսի 19-ին: «Զվարթնոց» օդանավակայանում վայրեջքից անմիջապես հետո, ՌԴ նախագահն ուղեւորվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայ-ռուսական բանակցությունները կշարունակվեն վաղը` օգոստոսի 20-ին: Սկզբում դրանք կանցնեն նեղ շրջանակում, իսկ հետո երկու երկրների առաջնորդներին կմիանան պատվիրակությունների անդամները: ՌԴ նախագահի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված՝ մասնավորապես ռազմական, ատոմային էներգիայի եւ առեւտրատնտեսական ոլորտներին առնչվող մի շարք համաձայնագրեր եւ պայմանագրեր։ Այնուհետ երկու երկրների առաջնորդները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Ստորագրվելիք փաստաթղթերի թվում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայության՝ 49 տարով  երկարաձգելու մասին արձանագրությունը։

Օգոստոսի 20-ին Մեդվեդեւը եւ Սարգսյանը կայցելեն Գյումրի, որտեղ կմասնակցեն «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման տոնական արարողությանը։ Այնուհետեւ երկու նախագահները կմիանան ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին։ Սեւանա լճի ափին կայանալիք ոչ պաշտոնական հանդիպումը ՀԱՊԿ թվով 4-րդ գագաթնաժողովն է լինելու: