Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը օգոստոսի 19-ին պետական այցով ժամանել է Հայաստան: Պետք է նշել, որ հայկական կողմը Ռուսաստանի նախագահին դիմավորում է ամենաբարձր մակարդակով:
Ի դեպ, ըստ հայ դիվանագետների, Մոսկվան ոչ պակաս ուշադրություն է հատկացնում Հայաստանի նախագահի այցերին Ռուսաստան: Այսկերպ, Հայաստանն իր հերթին ընդգծում է այն կարեւորագույն դերը, որ Ռւսաստանը խաղում է իր քաղաքական-տնտեսական կյանքում:
Առաջին, Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողն է: Պաշտոնապես, Հայաստանում ռուսական կապիտալով 1250 ձեռնարկություն է գրանցված: Հայաստանի անկախացումից ի վեր ռուսական ներդրումների ծավալը երկրի տնտեսության մեջ կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար:
Էներգետիկ ոլորտում Հայաստանի համար գերակա է ատոմակայանը, որը աշխատում է ռուսական ատոմային վառելիքով: ԱԷԿ-ը կառավարման է հանձնվել ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին 2003թ.-ից: Ռուսաստանի նախագահի այցի շրջանակներում ծրագրվում է ստորագրել Հայաստանում ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման պայմանագիրը: Նշենք, որ ԱԷԿ-ը տալիս է Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Բացի այդ, Ռուսաստանին է պատկանում Սեւան-Հրազդանի ՀԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը (էներգիայի 30 տոկոսը):
Գազային ոլորտը եւս զերծ չի մնացել ռուսների ուշադրությունից: 1997թ. ստեղծվել է «Հայռուսգազարդ» ընկերությունը, որը մենատեր է Հայաստանում ռուսական գազի վաճառքի ոլորտում: 2007թ. Ռուսաստանը Հայաստան է առաքել 2,05 մլրդ խմ գազ: 2010թ. ապրիլի 1-ից ռուսական երկնագույն վառելիքի գինը կազմում է 180 դոլար հազար խմ-ի դիմաց:
2008թ. հայկական երկաթուղիները հանձնվել են «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարմանը` 30 տարով: «Ռուսական երկաթուղիների» ներդրումների ծավալը 2010թ. հուլիսի դրությամբ կազմել է 500 մլն դոլար: 2007թ. հայկական երկաթգծով ներմուծված ապրանքների ծավալը աճել է 9 տոկոսով, կազմելով 2,97 մլն դոլար: Ըստ պայմանագրի, ՌԵՈՒ-ն պարտավոր է հայկական երկաթուղում ներդնել 570 մլն դոլար: Ընդ որում, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, 2009-ին ներդրումների ծավալը պետք է կազմեր 184 մլրդ դրամ: Հայ-ադրբեջանական սահմանի բացման դեպքում 2010-ին ռուսական ներդրումների ծավալը պետք է կազմեր 538 մլրդ դրամ, իսկ աբխազական երկաթուղու բացման դեպքում, ներդրումների ծավալը կհասներ 641 մլրդ դրամի:
«Հայկական էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ» ընկերությունն է, որի սեփականատերն իր հերթին, 2008-ի ապրիլից «Ռոսատոմ» պետական կորպորացիան է: «Հայկական էլեկտրացանցեր»-ը սպասարկում է շուրջ 913 հազար սպառողների:
Երկրորդ. Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, որն իր մեջ ներառում է 3 մոտոհրաձգային գունդ (123-րդը` Երեւանում, 124-րդն ու 128-րդը` Գյումրիում), 992-րդ հրետանային գունդը, 988-րդ զենիթահրթիռային գունդը, 116-րդ առանձին տանկային գումարտակը, 772-րդ առանձին հետախուզական գումարտակը: Էրեբունի օդնավակայանում տեղակայված 426-րդ ավիացիոն խմբի կազմում ընդգրկված են 18 ՄԻԳ-29 կործանիչներ: Ընդհանուր առմամբ, այստեղ ռուսական զորքերի կազմում կա 100 տանկ, շուրջ 300 զրահամեքենա, հրետանային համակարգեր եւ տարբեր տիպի զենիթահրթիռային համալիրներ: Ռուսական ռազմաբազայում զինվորների թվաքանակը կազմում է 4-5 հազար:
Ռուսաստանի նախագահի Երեւան այցելության ընթացքում նախատեսվում է արձանագրություն ստորագրել, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է ռուսական ռազմաբազայի Հայաստանում տեղակայման ժամկետը: Բացի այդ, ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Նշված նպատակներին հասնելու համար ռուսական կողմն աջակցություն է ցուցաբերում Հայաստանին արդիական եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում: Ռուսաստանը հսկում է հայ-թուրքական սահմանը (ընդհանուր առմամբ 345 կմ) եւ հայ-իրանական սահմանը (45 կմ):
Երրորդ. Ռուսաստանը ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքում ընդունվել է հռչակագիր, որտեղ սահմանվում են ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքները: Սա առաջին հռչակագիրն էր հրադադարի ստորագրումից ի վեր: Նման ձեւաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2010-ի հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում:



























