Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում առաջխաղացման հասնելու Ադրբեջանի հնարավորությունը փաստացի հավասար է զրոյի: Այս մասին սեպտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի հետ հայկական պետությունների շփման գծում իրավիճակը բավականին լարված է, բայց դուրս չի գալիս վերջին տարիների միտումների շրջանակից: «Նմանատիպ ակտիվությունն այսուհետ էլ կշարունակվի, կլինեն փոխհրաձգություններ, երբեմն էլ դիվերսիոն գործողություններ: Այս գործընթացները կանգնեցնել դժվար թե հաջողվի: Մյուս կողմից էլ անցումն ակտիվ ռազմական գործողությունների, իմ կարծիքով, անհնար է».- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Այս ամենը, շարունակել է քաղաքագետը, ուղեկցվում է  նավթի գների նվազման միտումով, սա շատ կարեւոր գործոն է, ու այն պետք է հաշվի առնել: «Իհարկե ակտիվությունը պայմանավորած է նաեւ Հայաստանում անցնող զորավարժություններով, գուցե նաեւ Սերգեյ Լավրովի ՝ Ադրբեջան կատարած այցով: Իսկ գլոբալ առումով ՝ նավթի գների անկումով»,- հավելել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին ՝ քաղաքագետը շեշտել է, որ «պատերազմը հաղթելն անհնար է, միջազգային համայնքը կկագնեցնի այն: Ղարաբաղյան հակամարտությունը չափազանց հարմար ու  օգտակար գործիք է ադրբեջանական կողմի համար.  այն աղքատությունն արդարացնելու միջոց է: Նման կոնֆիգուրացիայում պատերազմը բոլորովին պետք չէ»: