«Մենք» երիտասարդական նախաձեռնությունը սեպտեմբերի 9-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպելու է հերթական դրամահավաքը` բանակում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամ դարձած 22-ամյա Սամվել Ավետիսյանի՝ Գերմանիայում բուժման համար։ NEWS.am-ի հետ զրույցում Սամվել Ավետիսյանը նշեց, որ դրամահավաքը սկսվելու է ժամը 17։00-ին և տևելու է մինչև 23։00-ը։ Դրամահավաքի շրջանակում լինելու է համերգային ծրագիր և ցուցահանդես։
«Եթե մնացած գումարը դրամահավաքի ընթացքում հավաքվի, հոկտեմբերի 5-ին կգնամ Գերմանիա։ Ինձ այնքան էլ լավ չեմ զգում, ցավեր ունեմ, անհարմարություններ»,-ասաց Սամվելը։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ բանակում ողնաշարի հատվածում հրազենային վնասվածք ստացած արդեն 3 տարի անվասայլակին գամված 22-ամյա Սամվել Ավետիսյանի՝ Գերմանիայում բուժման համար անհրաժեշտ է 10,000 եվրո։ Մի քանի դրամահավաքների արդյունքում հավաքվել է գումարի մեծ մասը, մնացել է մոտ 3,5 հազար դոլար։ Նշենք, որ այս գումարը անհրաժեշտ է նախնական ստուգումների, ճանապարհածախսի ու Գերմանիայում մնալու համար, որից հետո Սամվել Ավետիսյանի բուժման ծախսերը կհոգա «Կարմիր խաչը»:





























