13 երեխա ունեցող Մելքոնյաններին, 3 դպրոցահասակ երեխա ունեցող Անահիտի, բջջային հեռախոսի մասին երազող Մարիամի մասին NEWS.am-ի պատմություններին մեծ թվով ընթերցողներ են արձագանքել։  Մեկ շաբաթվա ընթացքում բարի մարդիկ տարբեր տեսակի օգնություն են ցուցաբերել ընտանիքներին` իրականություն դարձնելով այս մարդկանց երազանքների մի մասը։

Առողջական խնդիրներ ունեցող մոր եւ քրոջ հետ Վարդաշենի հանրակացարանում բնակվող 7-րդ դասարանցի Մարիամ Սարգսյանը, որը երազում էր բջջային հեռախոս ունենալու մասին,  NEWS.am-ի հետ զրույցում ուրախությամբ ասաց, որ իր երազանք  իրականացել է, բարի մարդիկ հեռախոս են նվիրել իրեն։

«Շատ լավ հեռախոս է, շատ եմ հավանում։ Բացի հեռախոսից, հագուստներ են նվիրել, որոնք մեծ սիրով հագնում եմ»,-ասաց Մարիամը։

3 երեխաներին միայնակ մեծացնող Անահիտը, որի անչափահաս երեխաները հագուստ ու պայուսակ չունենալու պատճառով սեպտեմբերի 1-ին դպրեց չէին գնացել, մեզ հետ զրույցում պատմեց, որ բարի մարդիկ իրենց գումարով ու հագուստով են օգնել. երեխաների համար կարողացել է նոր հագուստ գնել. նրանք արդեն դպրոց են գնում։

«Մենք բացի դպրոց գնալու խնդրից, տան վարձ վճարելու դժվարություններ էլ ունեինք, որոշ մարդիկ փողով օգնել են, կարողացել եմ պարտքիս մի մասը վճարել»,-ասաց տիկին Անահիտը։

Այգավանում բնակվող Մելքոնյանների 13 հոգանոց ընտանիքը, որոնց 6 դպրոցահասակ երեխաները նույնպես հագուստ ու գրենական պիտույքներ չունենալու պատճառով դպրոց չէին հաճախում, այսօր արդեն դպրոց են գնացել։ Մեզ հետ զրույցում ընտանիքի հայրը՝ Մարտիկ Մելքոնյանը, պատմեց, որ մեր հրապարակումից հետո բազմաթիվ զանգեր են ստացել, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել բազմազավակ ընտանիքի հորը։

«Այսօր երեխաները գնացել են դպրոց, այս օրերին շատ-շատ բարի մարդիկ կանգնեցին իմ ընտանիքի կողքին թե նյութապես, թե ֆիզիկապես։ Մինչև հիմա օգնության զանգեր եմ ստանում»,-ասաց Մարտիկ Մելքոնյանը։