2012թ. Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում հնգամարտիկների մրցումներում օդամուղ ատրճանակի փոխարեն կկիրառվի լազերային զենք: Նոր տեխնոլոգիան այս օրերին հաջողությամբ փորձարկվել է Սինգապուրում ընթացքող առաջին պատանեկան Օլիմպիական խաղերում: Նորարարությունը 2/3-ով կրճատում է ծախսերը եւ շատ ավելի անվտանգ է, քան ավանդական հրաձգությունը:
Ժամանակակից հնգամարտի միջազգային միության նախագահ Կլաուս Շորմանը հայտարարել է, որ արդեն Լոնդոնում կօգտագործվի լազերային հրաձգություն, որը հնարավորություն է տալիս բոլոր երկրներին մրցակցել այս մարզաձեւում: Նոր մեթոդը հնարավորություն կտա առանց ավանդական հրաձգարանների զարգացնել մրցաձեւը: Մրցումները հնարավոր կլինի անցկացնել նույնիսկ այգիներում, կամ առեւտրի կենտրոններում: Անվտանգության խնդիրներն այլեւս արգելք չեն դառնա: Բացի այդ, լազերային զենքն առանց խնդրի, կարելի է տեղափոխել ինքնաթիռով, հաղորդում է «Ռոյթերսը»:



























