ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հանդիպում է ունեցել Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ։
Նովակը նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ էներգետիկ ոլորտում համագործակցությունը նոր խթան է ստացել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո։ «Ներկայումս Ռուսաստանը Հայաստանի նավթամթերքի հիմնական մատակարարն է։ Ընթացիկ տարում առանց տուրքի Հայաստան է մատակարարվել 70 հազար տոննա նավթամթերք։ Բնական գազի անտուրք մատակարարումը կազմել է ավելի քան 1 մլրդ խ/մ»,- ասված է ՌԴ էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքում։
Երկկողմ հանդիպման ընթացքում ՌԴ էներգետիկայի նախարարությունն ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը արձանագրություն են ստորագրել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող բնական գազի գնագոյացման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին։ Փաստաթուղթը իրավաբանորեն Հայաստանին մատակարարվող 1000 խ/մ ռուսական գազի բազային գինը 189 դոլարից նվազեցնում է մինչեւ 165 դոլար։
Փաստաթուղթը նաեւ բազային պայմաններ է սահմանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ նորմալ գործունեության համար։ Այսպես՝ հայկական կողմը պարտավորվել է պայմաններ ապահովել Հայաստանում «Գազպրոմի» էլեկտրաէներգետիկ ակտիվների արդյունավետ աշխատանքի համար ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում։
Բացի այդ, Արձանագրության համաձայն՝ կողմերը 2015թ. նոյեմբերի 1-ից ոչ ուշ Համաձայնությանը կից Հավելված կստորագրեն, որով կսահմանվի «Գազպրոմ Արմենիայի» հիմնական գործունեության գումարային հոսքի հաշվարկի մոդելի կիրառման կարգն ու նկարագրությունը։




























