Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի դեմ նստացույցի ակտիվ մասնակից Վաղինակ Շուշանյանը «Ոչ թալանին» նախաձեռնության առանցքային դեմքերի` Մաքս Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի հետ հիանալի հարաբերություններ ունի, նրանք մտերիմ ընկերներ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց Շուշանյանը՝ հերքելով տեղեկությունը, թե նրանց հարաբերությունները սառն են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սեպտեմբերի 1-ի բողոքի երթից հետո, երբ ակտիվիստների խոսքով՝ Վաղինակ Շուշանյանը շատ վատ է պահել իրեն, հատկապես՝ ոստիկանների հետ շփվելիս:

«Պարապ մնացած մարդիկ բավական շատ են, այնքան պարապ են, որ ինչ հեյրուրանք ասես գրում են: Մաքսիմն ու Արամն իմ ամենամոտ ընկերներից են: Չեմ պատկերացնում՝ ինչ-որ մեկը կարողանա մեզ կռվեցնել իրար հետ, կապ չունի` դա կլինի գաղափարական թեմաներով, թե ընկերական շրջապատում: Ես խիստ կասկածում եմ, որ ինչ-որ մեկին կհաջողվի մեզ իրար դեմ հանել, կամ թեթեւ վեճ ստեղծել»,- ասաց Շուշանյանը:

Վաղինակ Շուշանյանի խոսքով` ինքն այլեւս «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ չէ՝ զբաղվածության պատճառով: