Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցն անվանակոչվելու է Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ Գեւորգ Վարդանյանի անունով: Որոշումը կայացվել է այսօր՝ սեպտեմբերի 8-ին գումարված Երեւանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստում:
Նիստը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրակարգը եւ հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Վարդանանց փողոց, 2-րդ նրբանցք հ. 4 հասցեում փակցնելու մասին որոշման նախագծին:
Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաեւ Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի հ.192 հիմնական դպրոցը Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ Գեւորգ Վարդանյանի, ինչպես նաեւ Երեւանի «Նուբարաշեն թաղային համայնքի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վիլլի Մոկացյանի անուններով անվանակոչելու մասին որոշման նախագծերը:
Երեւանի ավագանին որոշել է նաեւ Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքից որպես նվիրատվություն ընդունել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում տեղադրված «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը:
Ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաեւ Երեւան քաղաքի ավագանու «Երեւանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին որոշմանը:
Միաձայն կողմ քվեարկությամբ ավագանին հաստատել է նաեւ 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երեւան քաղաքի հողային հաշվեկշիռը:
Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Որոշվել է Երեւանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել հոկտեմբերի 28-ին:





























