2016թ. կայանալիք վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունների առանցքային նպատակն է ստուգել, թե որքան արագ ամերիկյան բանակը կարող է անհրաժեշտության դեպքում օգնության գալ Վրաստանին։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատար Բեն Հոջեսը։
Վրացի փորձագետները նշում են, որ Ուկրաինայի ճգնաժամը ամերիկացիներին համոզել է Վրաստանի եւ ռուսական ագրեսիայի վտանգի առջեւ կանգնած այլ երկրների հետ համագործակցելու անհրաժեշտության մասին, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Երկօրյա միջոցառումը մեկնարկել էր նախօրեին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի եւ պաշտպանության նախարարի մասնակցությամբ։
«Երբ զորավարժությունների հիմնական շեշտադրումը դրվում է ագրեսիային արագ արձագանքելը ստուգելը, դա ինքնըստինքյան շատ լուրջ ռազմաքաղաքական քայլ է»,- ասել է «Արսենալի» ռազմա-վերլուծական ամսագրի խմբագիր Իրաքլի Ալադաշվիլին։ Նա հիշեցրել է, որ մայիսյան Noble Partner վրաց-ամերիկյան զորավարժությունների պատրաստության ժամանակ Բուլղարիայի տարածքից Վրաստան էր բերվել «Բրեդլի» զրահափոխադրիչ։ Պաշտպանության նախարար Թինաթին Հիդաշելին նշել է, որ առաջիկայում զորավարժությունների համար անհրաժեշտ տեխնիկան նույնպես կբերվի Բուլղարիայի ԱՄՆ ռազմաբազաներից։





























