Երեւանի բնակիչ 38-ամյա Նարինե Հովհաննիսյանը ստիպված է 2-ամյա դստերը՝ Վարդուհուն, հետը աշխատանքի տանել: Կինը մայրաքաղաքի փողոցներն է մաքրում, իսկ այդ ընթացքում դուստրը սայլակի մեջ քնում է: Հարազատներ չունի, երեխային մանկապարտեզ տանել չի կարող, հնարավորություն չունի:  

NEWS.am-ի հետ զրույցում միայնակ մայրը պատմեց, որ մինչեւ վերջերս գործազուրկ է եղել, բոլոր գործատուները հրաժարվել են կնոջն աշխատանք տրամադրել, միայն աղբահանությամբ զբաղվող «Սանիտեկ» ընկերությունը է ընդառաջել իր խնդրանքին: 

«Հո դուրսը չէի մնա՞ երեխայիս հետ: Ինչ աշխատանքի գնացել եմ, երեխուս հետ չեն ընդունել, էստեղ նոր ընդունել են, փողոցներն եմ մաքրում: Աշխատանքը դժվար է, բայց ի՞նչ անեմ, երեխային քնացնում եմ, իմ գործն անում, պահող չունեմ: Ոչ մեկ չունեմ, ես ու աղջիկս ենք, մանկապարտեզ տալու հնարավորություն էլ չունեմ: Եթե մարդիկ օգնեին, դասավորեին, երեխայիս կտայի մանկապարտեզ»,-ասում է կինը:

Նարինեն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:30-ից մինչեւ 03:00-ն, դուստրն այդ ամբողջ ընթացքում իր հետ է լինում:

Կնոջ խոսքով՝ ինքը 55.000 դրամ աշխատավարձ է ստանում, որը մի կերպ բավականացնում է բնակարանի վարձը վճարելու եւ սնունդ գնելու համար:

«Աշխատավարձս մի կերպ է հերիքում: 30 000 բնակարանի վարձն եմ տալիս, ինչ տակը մնում է, հազիվ սնունդ ու երեխայիս համար հագնելիք եմ առնում»,– ասաց Նարինեն: 

Նարինե Հովհաննիսյանը, սակայն, չի տրտնջում իր կատարած աշխատանքից: Գոհ է, որ գտել է մի աշխատանք, որը հնարավորություն է տալիս եւ գումար աշխատել, եւ երեխայի մասին հոգ տանել:

Լուսանկարը` Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից