ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող 5 դպրոցում դասավանդվելու են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամաններով հաստատվել են ՏՀՏ ոլորտի մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը: Ծրագիրն իրականացվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող 5 դպրոցներում եւ միտված է երկրի տնտեսական եւ գիտատեխնիկական առաջընթացի կարեւորագույն բաղադրիչներից եւ գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը:
ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա եւ Յունիքոմփ ընկերությունների ջանքերով՝ նախարարության եւ նշված կազմակերպությունների միջեւ ս.թ. մարտի 30-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր կայացած համատեղ ասուլիսի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւ Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը ներկայացրեցին ծրագրի իրականացման ընթացքն ու նախնական արդյունքները:
Այսպես, մինչեւ 2015-2016 թթ. ուսումնական տարվա մեկնարկը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ մշակվել են «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչներն ու ծրագիրը, ինչպես նաեւ իրականացվել է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Բացի վերը նշվածը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսել է հատկացնել շուրջ 70 միլիոն դրամ:
Սինոփսիս Արմենիա ընկերությունը եւս իր ներդրումն է ունեցել «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակմանը, ինչպես նաեւ իրականացրել է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:
Յունիքոմփ ընկերությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների եւ ծրագրի մշակմանը, անցկացրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում, ինչպես նաեւ տրամադրել է Տեղեկատվական Տեխնոլոգիաներ առարկայի ուսուցման անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ եւ գործիքներ: «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ապահովման եւ առանձին համակարգչային ցանցերի ստեղծման աշխատանքները գտնվում են իրականացման փուլում:
Ավագ դպրոցում ՏՀՏ ոլորտի առարկաներ դասավանդելու նպատակներն ու ծրագիրն արտացոլում են մի կողմից՝ Կրթության եւ գիտության նախարարության, մյուս կողմից՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներ ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա եւ Յունիքոմփ ընկերությունների պատրաստակամությունը բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը՝ ներմուծելով ոլորտի առաջատար ընկերությունների տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը: Համատեղ ծրագիրը հատուկ ուշադրություն է հատկացնում հայաստանցի երիտասարդների համար առավել լավ հնարավորությունների ստեղծմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության կամ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ապագա մասնագիտական ընտրության համար:
Կրթական ծրագիրն իրականացվում է թվով 5 ուսումնական հաստատությունում՝ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում, Երեւանի «Քվանտ» վարժարանում, Վանաձորի՝ մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երեւանի ավագ դպրոցում եւ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:
«ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությունը պայմանավորված է Հայաստանի մեր տեսլականով՝ որպես երկրի, որը ոչ միայն կիրառում է բարձր տեխնոլոգիաներ, այլեւ՝ աշխարհին ներկայացնում իր կողմից ստեղծված նորարարությունները: Հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտները տնտեսական զարգացման կարեւորագույն խթան են: Այս աննախադեպ կրթական ծրագիրը նաեւ կունենա նշանակալի սոցիալական ազդեցություն՝ նպաստելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստմանը եւ օգնելով հայ երիտասարդներին մնալ ու աշխատել Հայաստանում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:




























