«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները բարբաջանք են որակում Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի պնդումները, թե այս տարվա հունիսին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաները նման էին «Մայդանի» գործողություններին, նախապես ծրագրված և ուղղորդված են եղել: Նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում Բաստրիկինի խոսքերը սադրանք անվանեց։

«Իր ասածի համար հիմքեր են պետք, օդի մեջ ով ինչ ուզի, կարող է ասել,բայց եթե լուրջ փաստարկ կարողանա բերել, կասեմ` հալալ է: Չգիտեմ` ինչու, փորձում է պրովակացիա անել: Այն, ինչ կատարվել է, եղել է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Անգամ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները, երբ գալիս էին, զարմանում էին, ասում` մեզ այնտեղ լրիվ ուրիշ բան էին ասել, գալիս ենք այստեղ, ուրիշ բան ենք տեսնում»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Նշենք, որ կառավարական «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի գլխավոր քննիչը նշել էր, որ ամբոխում դիմակներով մարդիկ են եղել, որոնք իշխանության ներկայացուցիչների դեմ բռնության բացահայտ կոչեր են  հնչեցրել: Նա ասել է, որ ակցիային Եվրամիության դրոշներով մարդիկ են եղել, որոնք «ցուցարարներին պետք է ցույց տային դեպի «պայծառ ապագա» տանող ճանապարհը, որը խոստանում էր ոչ թե Եվրասիական տնտեսական միությունը, այլ Եվրամիությունը»:

Մաքսիմ Սարգսյանի խոսքով` նստացույցի ժամանակ դիմակավորված միակ մարդիկ ոստիկաններն են եղել: Նա նշեց, որ Եվրամիության դրոշները ակցիայի ժամանակ ծածանվել են միայն մի անգամ, այն էլ մի քանի րոպեով:

«Այդ դրոշները Պարույր Հայրիկյանն էր բերել, համակարգող խմբի հետ շատ կարճ բանակցությունից հետո դրոշները հանել են Բաղրամյանից»,- ասաց ակտիվիստը` նշելով, որ իրենց պայքարը ուղղված է ՀՀ իշխանությունների գործողությունների դեմ եւ իրենք խուսափել են հակառուսական կամ հակաեվրոպական կոչեր հնչեցնելուց: