Բրիտանացի հետազոտողները հարցում են անցկացրել՝ հասկանալու համար, թե որքան հաճախ են ծնողները բախվում իրավիճակի, երբ երեխաներն այնպիսի արարք են գործում, որն անհարմար դրության մեջ է դնում ամբողջ ընտանիքին:

Հարցմանը 2.000 ծնող է մասնակցել, որոնք էլ պատմել են, թե որքան հաճախ են ստիպված լինում կարմրել իրենց երեխաների պատճառով: Ըստ Planet-today-ի, պարզվել է, որ նրանց կեսից ավելին  մշտապես բախվել է անհարմար իրադրության:

Բացի այդ, մասնագետները կազմել են անհարմար արտահայտությունների վարկանիշը, որոնք հաճախ երեխաներն արտաբերում են: Առաջատարներից է «Շուտով դու կմահանաս» արտահայտությունը, որը երեխաներն ասում են ո՛չ միայն իրենց հարազատ տատիկներին ու պապիկներին: Եվս մեկ արտահայտություն՝ «Ա՜, սա այն տարօրինակ մարդն է, որը ձեզ դուր չի գալիս», որը հիմնականում վերաբերում է հարեւաններին:

Գիտնականները նաեւ ուսումնասիրել են, թե ծնողները որքան հաճախ են ստիպված լինում դպրոցում կարմրել սեփական երեխայի համար եւ պարզել. ուսումնական տարվա ընթացքում՝ 576 անգամ: