Խոսքի ազատության կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ հետևում են հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում բռնության ենթարկված լրագրողների քրեական գործի ընթացքին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ըստ նրա, այս դեպքը աննախադեպ է եղել, քանի որ նման մեծ թվով լրագրողներ Հայաստանում դեռ չէին տուժել:
Աշոտ Մելիքյանի խոսքով` իրենք մի քանի հարցում են ուղարկել ՀՔԾ, որպեսզի որոշակի հարցերի պարզաբանում ստանան և հասկանան, թե ինչու է նախաքննությունը երկարաձգվում: Իրենց հարցերին ի պատասխան՝ ՀՔԾ-ն երկու նամակ է ուղարկել:
«Առաջին նամակում ընդամենը երկու նախադասություն է, մեկում ասվում է, որ հարուցվել է քրգործ, երկրորդ նախադասությամբ էլ նշվում է. «Ձեր կողմից խնդրարկված տվյալները նախնական քննության տվյալներ են հանդիսանում և հրապարակման ենթակա չեն»։ Երկրորդ նամակին ևս ՀՔԾ կողմից տրվել է նույն պատասխանը»,- ասաց պարոն Մելիքյանը։
Ըստ նրա` խնդիրն այն է , որ օրենքը չի սահմանում, թե ինչն է նախնական քննության տվյալ, և ինչը հրապարակման ենթակա չէ:
«Մեր գործընկեր իրավաբանները համարում են, որ սա օրենքի բաց է, և պատասխանների հիման վրա մենք դիմելու ենք ՀՀ գլխավոր դատախազություն, հետո արդեն դատական ատյաններ՝ տեսնելու, թե պետության արձագանքն ինչպիսին է»,- հավելեց Աշոտ Մելիքյանը։
Ըստ նրա՝ այս դեպքի պատճառով միջազգային կազմակերպությունները կնվազեցնեն խոսքի ազատության`Հայաստանի վարկանիշը, ինչի պատճառը պետական մարմինների անտարբերությունն է։
«Ես կարծում եմ, որ տարեկան զեկույցներում միջազգային կազմակերպություններն իրենց գնահատականը կտան: Դժվար է ենթադրել, որ Հայաստանի վարկանիշը խոսքի ազատության առումով կբարձրանա, կարելի է ենթադրել, որ կիջնի, ցավոք: Մինչդեռ վերջին գնահատականները ցուց էին տալիս, որ բարենպաստ իրավիճակ ստեղծելու պարագայում Հայաստանը ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցողների շարքից կարող էր տեղափոխվել կիսաազատ ԶԼՄ-ներ ունեցող երկրների շարքերը»,- ավելացրեց ԽԱՊԿ նախագահը:





























