Երեւանի Հանրապետության, Բուզանդ փողոցների, Հյուսիսային պողոտայի, Ֆիրդուսի 33-րդ  և Կոնդ թաղամասերի բնակիչները այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀԿ գրասենյակի դիմաց նստացույց կսկսեն՝ իրենց օտարված բնակարանների փոխհատուցման պահանջով:

«Նստելու ենք շենքի դիմաց և պահանջելու ենք, որ այս հարցին լուծում տրվի: Արդեն 8 տարի է` առանց տանիքի փողոցներում ենք ընկած, ամեն անգամ մի բան խաբում, ճանապարհում են: ՀՀԿ գրասենյակի դիմաց փորձելու ենք Սերժ Սարգսյանին հանդիպել: Այնտեղ մնալու ենք այնքան, մինչև մեր հարցին լուծում տրվի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Արմինե Սահակյանը:

Այսօր ժամը 20։00–ին ՀՀԿ գրասնեյակում տեղի կունենա ԳՄ նիստ։

Օտարված բնակարանների բնակիչներին այսօր ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը, սակայն բնակիչները այդպես էլ համաձայնության չեն եկել նրա հետ:

«Հայկ Դավթյանը մեզ ոչ մի նոր բան չասաց, ասում է, որ ինչ-որ ինվեստորներ են հայտնվել,  որոնք կփոխհատուցեն մեզ: Ոչ մի ռեալ բան, նորից փորձում էր համոզել բնակիչներին, խաբել: Հարցնում եմ` կոնկրետ Հանրապետության 32-ի բնակարանների համար ո՞ր ինվեստորն է փոխհատուցելու, ասում ա` դեռ չգիտենք, դա ի՞նչ պատասխան է»,-ասաց Հանրապետության 32-ի նախկին բնակիչ Նունե Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օտարված շենքերի բնակիչներն այսօր Կառավարության շենքի դիմաց էին պատրաստվում նստացույց անել, սակայն ՀՀ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանի հետ հանդիպելուց հետո մտափոխվեցին և որոշեցին ՀՀԿ գրասենյակի դիմաց նստացույց անել:

 Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները հուլիսի 13-ին հանդիպում էին ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը խոստացել էր հետամուտ լինել նրանց խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով: