Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցի հիմնական «մեսիջը»  ՀԱՊԿ շրջանակներում պարտավորությունները կատարելու հայտարարությունն էր, այդ թվում Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում: Նման կարծիքի են հանգել հայ եւ ռուս փորձագետները հեռուստակամուրջի ընթացքում:

Ընդ որում, ինչպես նկատել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Շարիխինը, Ռուսաստանի նախագահի այցը կայունացնող գործոն է դարձել, քանի որ Մեդվեդեւը մեկ անգամ եւս ընդգծել է Մոսկվայի հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Փորձագետն անդրադարձել է նաեւ Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգմանը՝ ընդգծելով, որ Երեւանում ստորագրված պայմանագիրը ավելացնում է դրա աշխարհառազմավարական նշանակությունը:

Իրենց հերթին, Սեւծովյան-կասպիական քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն ընդգծել է, թե ռազմական գործողությունների դեպքում ռուսական զորքերը, այդուհանդերձ, կմիջամտեն: Իսկ դա, նրա կարծիքով, գլխավոր մարտահրավերն է Բաքվի ռազմատենչ սպառնալիքներին:

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշել է, թե հեռուստակամուրջի ընթացքում չափից դուրս մեծ ուշադրություն է դարձվում ռազմական գործողությունների վերսկսման եւ ռուսական զորքերի մասնակցության հեռանկարին: «Ղարաբաղյան հակամարտության գոտում հայկական զինված ուժերը սեփական ուժերով հահահարված կտան հակառակորդին»,- ասել է նա: