Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ներկայացրել է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դրամական միջոցները՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ:

Մանուկյանը ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի 5 մլն դրամ, 400 հազար ԱՄՆ դոլար եւ 300 հազար եվրո: Նշենք, որ գրեթե նույն չափ էլ նախկին նախարարն ուներ՝ պաշտոնը զբաղեցնելու պահին:

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա դրանք պաշտոնավարման ընթացքում զգալիորեն մեծացել են: Այսպես, Հովհաննես Մանուկյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 3 մլն 800 հազար դրամ, վարձակալության դիմաց վճարը՝ 4 մլն 860 հազար դրամ, եւս մեկ վարձակալության դիմաց էլ նա ստացել է 11 մլն 475 հազար դրամ: Թե ինչ տարածք է նախկին նախարարը վարձակալության տվել, հայտնի չէ:

Նշենք, որ պաշտոնը զբաղեցնելու պահին, երբ Մանուկյանը նոր էր ազատվել Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից, աշխատավարձը կազմել էր 676 հազար 975 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարը՝ 1 մլն 530 հազար դրամ, իսկ մեկ այլ վարձակալության դիմաց ստացված վճարն էլ 630 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանը արդարադատության նախարար էր նշանակվել 2014թ. ապրիլի 30-ին: Նա աշխատանքից ազատվել էր 2015թ. հուլիսին: Մինչեւ նախարար նշանակվելը՝ զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, ապա Վրաստանում ՀՀ դեսպանն էր: