Տավուշի մարզում 2 շաբաթ առաջ հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներ Գոռ Գեւորգյանի եւ Գառնիկ Լալայանը տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
«Երկու զինծառայողներն էլ շարունակում են բուժումը բաժանմունքներում: Վիճակները բավարար է: Բուժումն ամբողջությամբ ավարտելուց հետո կորոշվի, թե կշարունակեն ծառայությունը, թե ոչ»,- ասաց Արտաշես Խաչատրյանը:
Հոսպիտալում բուժումը շարունակում է նաեւ այդ օրերին Կոթի գյուղում վիրավորված Նազիկ Թումանյանը:
Հիշեցնենք, որ Գոռ Գեւորգյանն ունի որովայնի եւ կրծքավանդակի վիրավորում, վերջույթների բազմաթիվ բեկորային վնասումներով: Գառնիկ Լալայանի թոքն էր վնասվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար եւ Չինարի գյուղերը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը։
Երկու օր անց վիրավորվել է նաեւ պայմանագրային զինծառայող Գառնիկ Լալայանը:





























