Ռուսաստանի միջազգային մեկուսացումը հնարավոր չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի մեկուսացմանը, ապա ցավոք մենք վերջին մեկ տարում տեսնում եւ լսում ենք այդ հռետորաբանությունը։ Նման բառերի գինը շատ հարաբերական է»,- մեջբերում է Պեսկովի խոսքը ՏԱՍՍ-ը։
Պեսկովը վստահ է, որ Ռուսաստանը եղել եւ մնում է միջազգային հասարակության պատասխանատու եւ շատ կարեւոր, ակտիվ անդամը։ Նա հավելել է, որ ՌԴ նախագահի ակտիվ միջազգային գործունեությունն ապացուցում է այդ հռետորաբանության անհիմն լինելը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշուա Էռնսթը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է բախվել միջազգային մեկուսացման խնդրին, եթե շարունակի աջակցել Սիրիայի նախագահին։





























