Սահմանադրական բարեփոխումների դեմ պետք է պայքարի ամբողջ հասարակությունը, ոչ միայն քաղաքական մեկ կամ մի քանի միավորը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ստեղծված «Ոչ»-ի ճակատին:

«Սա համահայկական խնդիր է, որը մեզ պարտավորեցնում է սթափ գնահատել իրավիճակը եւ գործի անցնել՝ տապալելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է հասնենք մի այնպիսի իրավիճակի, երբ արդեն պատրաստ կլինենք փոխել Սահմանադրությունը»,- ասաց պատգամավորը:

Փոստանջյանի խոսքով՝ երբ ստեղծվի ժամանակավոր Սահմանադրությունը, կընդունվեն Սահմանադիր օրենքներ, որոնցից առաջնայինը հենց Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է:

«Պետք է հաստատենք կարգ ու կանոն, ունենանք նոր իշխանություն, ազատվենք Սերժ Սարգսյանի իշխանությունից»,- ասաց նա:

Հարցին, թե Սահմանադրության նոր նախագծի ընդունումից հետո ինչ է անելու «Ժառանգությունը», ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Մինչեւ դա մենք պետք է կազմակերպենք ժողովրդին, որ Հանրապետության բոլոր հրապարակներում անհնազանդության դրսեւորում տա սպասվելիք բարեփոխումների վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ուժերից միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են միացել «Ոչ»-ի շարժմանը: