Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:

«Հիմա պատրաստվում ենք Վերաքննիչի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան, նաեւ միջնորդություն ենք ներկայացնելու գրավի դիմաց ազատ արձակել Արա Բուդաղյանին: Առանձնապես հույսեր չենք կապում Վճռաբեկ դատարանի հետ, մեր նպատակն է ներպետական ատյանները սպառել, որպեսզի դիմենք Եվրոպական դատարան»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: Արա Բուդաղյանը Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիքի ու վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է: