Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ դատախազի որոշման, որով վերացվել է իր եւ մեկ այլ փաստաբան Նազելի Վարդանյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը։

«Հուսով եմ՝ դատարանը կբավարարի իմ բողոքը, կվերականգնի իմ խախտված իրավունքները եւ կվերացնի դատախազության ապօրինի որոշումը։ Ես, որպես փաստաբան, անհրաժեշտության դեպքում իրավունք ունեմ հավաքել ապացույցներ, հրապարակել դրանք, եթե դատարանն ինձ չի նախազգուշացրել դրանք չհապարակելու մասին եւ ինձնից դրա վերաբերյալ ստորագրություն չի վերցրել։ Այսինքն իմ նկատմամբ ոչ թե քրեական հետապնդում է իրականացվում, այլ ես հետապնդվում եմ փաստաբանի մասնագիտական գործունեությունը բարեխղճորեն իրականացնելու համար»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին։

Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը): Նա եւ Նազելի Վարդանյանը երկու տարի առաջ դատարանում հրապարակել էին մի փաստաթուղթ, ըստ որի իրենց վստահորդի մեղադրանքի հիմքում դրված է եղել հոգեկան հիվանդություն ունեցող վկայի ցուցմունք: Փաստաբանները անձնական միջոցներով չէին կարողացել գտնել այդ ապացույցը, միջնորդել էին դատարանին, որն ապացույցը պահանջել էր համապատասխան մարմնից, ներկայացրել է իրենց: Դատարանն ապացույցը տրամադրելիս ուղեկցական գրություն չէր գրել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ քննչական մարմիինն այն համարի անօրինական ձեռք բերված ապացույց եւ քրեական գործ հարուցի այդ փաստով: