Թուրքիայում կոտորված հայերի հիշատակին առաջին հուշարձանը տեղադրած եւ հայերի համար մի շարք օգտակար գործեր արած Դիարբեքիրի Սուրի շրջանի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի կալանքը փոխելու համար ինտերնետում ստորագրահավաք է սկսվել։
Աբդուլլահ Դեմիրբաշին ազատ արձակելու ստորագրահավաքը նախաձեռնել է նրա աղջիկը՝ շեշտելով, որ հայրը երկար ժամանակ ունի ոտքի երակների լրջագույն հիվանդություն եւ ներկայում նա գտնվում է բանտում, իսկ նրա առողջական խնդիրներն ավելի են սրվել։
Աղջիկը խնդրել է սրտացավ մարդկանց մասնակցել ստորագրահավաքին՝ հոր կալանքը փոխելու համար։ Աբդուլլահ Դեմիրբաշը ձերբակալվել է 2015-ի օգոստոսի 8-ին՝ PKK-ի անդամ լինելու մեղադրանքով։
Նշենք, որ Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը հայերենով ցուցանակ է տեղադրել Դիարբեքիրի մուտքի մոտ՝ «Բարով եկաք» գրությամբ, հրատարակել Հովհաննես Թումանյանի հեքիաթները հայերենով, Դիարբեքիրում կազմակերպել հայերենի ուսուցման դասընթացներ, Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշարձանը տեղադրել ու աջակցել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգմանն ու հետագայում նաեւ պահպանմանը։
Ստորագրությանը մասնակցելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։





























