Իջեւանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը կրկին արձակուրդում է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ արձակուրդից վերադառնալու է միայն 3 օրից:

«Կվերադառնամ եւ կսկսեմ կատարել նախընտրական խոստումներս: Բացի դրանից՝ այլ աշխատանքներ էլ կան, որոնք պիտի կատարվեն»,- ասաց քաղաքապետը, որը Իջեւանի ընտրություններին մասնակցելու համար դուրս էր եկել ԲՀԿ-ից եւ անդամագրվել իշխող կուսակցությանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ԲՀԿ-ից հեռանալու մասին, Վարդան Ղալումյանը հենց նույն օրը արձակուրդ մեկնեց եւ մեկ ամսից ավելի չէր վերադառնում աշխատանքի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում սեպտեմբերի 13-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը՝ ստանալով 6 հազար 240 քվե: Նրա մրցակից Վարուժան Ներսիսյանը՝ 2 հազար 32 քվե:

Ի դեպ, Ներսիսյանը մինչեւ ընտրությունները բավականին ակտիվ շփվում էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Սակայն սեպտեմբերի 13-ից հետո նա անհասանելի է դարձել: