Համաշխարհային բանկը որոշում է կայացրել Ուկրաինային 500 մլն դոլարի չափով վարկ տրամադրել՝ որպես երկրի ֆինանսական սեկտորին ուղղված օգնություն։ 

Ընդ որում Համաշխարհային բանկի՝ Բելառուսի, Մոլդովայի ու Ուկրաինայի հարցերով տնօրեն Չիմյաօ Ֆանը շեշտել է, որ Ուկրաինայում կայունությունն ու տնտեսական աճը վերականգնել «հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե երկիրը շարունակի շարժվել բարեփոխումների ճանապարհով», հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Ֆանը համարում է, որ վարկը նպաստելու է այդ նպատակի ձեռք բերմանը՝ աջակցելով Ուկրաինայի ֆինանսական սեկտորի կայունացմանն ուղղված միջոցառումներին։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը շեշտել է, որ արդեն կարելի է նկատել իրավիճակի կայունացման առաջին նշանները։

Այս վարկը մի մասն է բանկի ընդհանուր ծրագրի, որով 2015 թ. Ուկրաինան կարող է ստանալ մինչեւ երկու միլիարդ դոլար։ Հաշվի առնելով նաեւ նոր վարկը՝ այս տարվա ընդհանուր ֆինանսավորումը արդեն կազմել է 1.215 մլրդ դոլար։