Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ Եվրոպան ինքն է մեղավոր միգրացիոն ճգնաժամի համար, եւ որ դա երկակի չափանիշների հետեւանք է։
«Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա իհարկե նա մեղավոր է»,- ասել է Ասադը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սիրիայի նախագահի խոսքով՝ այսօր Եվրոպան փորձում է գործն այնպես ներկայացնել, կարծես թե իր մեղքը միայն այն է, որ ինքը միջոցներ չի հատկացրել կամ չի կարողացել ապահովել կազմակերպված միգրացիան, ինչի պատճառով փախստականները խեղդվել են՝ փորձելով հատել Միջերկրական ծովը։
«Մենք ցավում ենք այդ անմեղ զոհերի համար, բայց մի՞թե ծովում խեղդված մարդու կյանքն ավելի թանկ է Սիրիայում զոհվող քաղաքացու կյանքից։ Ինչո՞վ է այդ կյանքն ավելի թանկ այն մարդկանց կյանքից, որոնց գլխատում են ահաբեկիչները։ Ինչպե՞ս կարելի է ողբալ ծովում խեղդված երեխայի մահը եւ չնկատել Սիրիայում ահաբեկիչներին զոհ գնացող հարյուրավոր երեխաներին, կանանց եւ տղամարդկանց։ Սա եվրոպացիների ամոթալի երկակի չափանիշներն են»,- ասել է Ասադը։
«Տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարելի է խղճալ զոհերի մի մասին եւ անտեսել մյուսներին։ Նրանց միջեւ սկզբունքային տարբերություն չկա։ Եվրոպան պատասխանատու է, քանի որ նա աջակցել է եւ շարունակում է աջակցել ահաբեկիչներին»,- հավելել է նա։





























