Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայում` «Հայաթ» մոթելի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է սյանը եւ այրվում է, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Նիսսան Ֆուգա» մակնիշի 34 CU 446 համարանիշի (վարորդ` 24-ամյա Ա. Օ.) ավտոմեքենանան դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել սյանը եւ մոտակա շինանյութի խանութի պատնեշին. ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվել:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 24-ամյա Ա. եւ 20-ամյա Հ. Օ.-երին, որոնք տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Ա. Օ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Օ.-ինը՝ ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ եւ փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը: