«Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին մահացած ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի գործով նշանակվել է փորձաքննություն, որը կպարզի երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նշանակվել է դատաբժշկական հանձանաժողովային փորձաքննություն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացրած անձանց կողմից մասնագիտական պարտականությունները կատարելիս հնարավոր խախտումները պարզելու համար:

Հիշեցնենք, որ ըստ փորձաքննության ջրաշենցի 4-ամյա փոքրիկը մահացել է ինֆեկցիոն տոքսիկ շոկից, ինչին երեխայի հարազատները չեն հավատում:

Նրանք փոքրիկի մահվան մեջ մեղադրում են «Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին: Փոքրիկի տատիկը՝ Կարինե Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ երկրորդ անգամ ստամոքսի լվացում անելուց հետո երեխայի օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել, ինչից 10 րոպե անց երեխան մահացել էր: Անահիտ Պետրոսյանը հերքել էր փոքրիկի հարազատների` իր հասցեին հնչեցված մեղադրանքները:

Հիշեցնենք, որ երեխան Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր ընդունվել հունիսի 16-ի կեսօրին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել: