Երեւանի Բուսաբանական այգու խոշոր հրդեհից հետո ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը դիմել է կառավարությանը՝ խնդրելով գումար հատկացնել՝ շուրջօրյա պահպանություն սահմանելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը, որի ենթակայության տակ է գտնվում այգին:

«Բացի դրանից՝ խնդրել ենք կառավարությանը, որ գումար հատկացնի նաեւ ոռոգման ջրի համար: Մի քանի քննարկումներ եղել են, սակայն վերջնական որոշումը դեռեւս չկա: Կարծում եմ՝ 15-20 օրից որոշումն արդեն հայտնի կլինի»,- ասաց Ժիրայր Վարդանյանը:

Նա հայտնեց, որ այրված հատվածի մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են, տնկիներն էլ հոկտեմբերին արդեն կտնկեն:

Հիշեցնենք, որ Երեւանի բուսաբանական այգու տարածքում հուլիսի 25-ին բռնվել է հրդեհ, որի հետեւանքով այրվել է 15 հեկտար խոտածածկ տարածք։