Փաստաբան Արմեն Նադիրյանը միջնորդելու է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը:
«Գործի նյութերը ստացել ենք, ծանոթացման փուլում ենք: Բայց ես միջնորդելու եմ, որ լրացուցիչ քննչական գործողություններ կատարվեն եւ նոր դատավարական որոշումներ կայացվեն, ինչպես նաեւ իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի»,- ասաց Արմեն Նադիրյանը՝ նշելով, որ միջնորդությունների բովանդակային մասի վերաբերյալ այս պահին որեւէ բան ասել չի կարող:
Նշենք, որ Վաչե Սահակյանն օրեր առաջ նամակ էր գրել Բարսեղյանների ընտանիքին՝ հայտնելով, որ կուրսանտի սպանության հետ ինքը կապ չունի:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Նույն դեպքով օրեր անց կալանավորվել է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է:





























