Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայաստանյան փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնք տուժում են կոռուպցիայի պատճառով, կոչ է անում չվախենալ ու բարձրաձայնել խնդիրները: Այս մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Դիտարկմանը, թե կոռուպցիայից ամենից շատ տուժում են ՓՄՁ-ները, քանի որ չունեն այն կապերը, լծակները, որոնք հասանելի են խոշոր ձեռնարկություններին, եւ որն է դեսպանի ուղերձն այդ ՓՄՁ-ներին, Միլսն արձագանքել է.

«Կոռուպցիայի ծանրությունն ընկնում է առավել խոցելի խմբերի վրա, փոքր ձեռնարկությունների, դժվարությամբ ծայրը-ծայրին հասցնող ձեռներեցի վրա, ով փորձում է իր գործունեությունը ծավալել: Եվ ես հասկանում եմ, թե դա ինչքան դժվար կարող է լինել: Իմ ասելիքը բոլոր նրանց, ովքեր դժգոհ են կոռուպցիայից, հետեւյալն է՝ ուղիներ գտեք ուշադրություն սեւեռելու դրա վրա, մի վախեցեք բարձրաձայնել: Ես վստահ եմ, որ կան գործիքներ կառավարության ներսում, կան մարդիկ, ովքեր կօգնեն ձեզ հաղթահարել դա: Մենք փորձում ենք այնպես անել, որ կոռուպցիայի դեմ պայքարի հնարավորություններն ավելանան»: