Երեւանի Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակիչներն,  այսօր` սեպտեմբերի 17-ին, հավաքվել էին կառավարության եւ պահանջում էին իրենց վերադարձնել բնակարանների սեփականության վկայականները: NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Մանվել Մելքոնյանը նշեց, որ արդեն 1 ու կես տարի է իրենց վարձակալած բնակարանների վարձավճարներն էլ իրենց չեն տալիս:

«Նոտարով մեր տները տվել ենք «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ին, որպեսզի վերակառուցումից հետո նույն տարածքում մեզ տուն տան, բայց վեց տարի հետո ինքնասպան եղավ եւ բանկն էլ առանց մեր համաձայնության գրավի տակ դրեց տները: Անգամ մեր վարձակալած տների վարձավճարները չեն տալիս մեզ»,-ասաց Մանվել Մելքոնյանը:

Նշենք, որ  2005 թվականին հիմնադրված «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն իրականացնում է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման գործունեություն:  «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն մայրաքաղաքում կառուցել է Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 շենքերը: Սայաթ-Նովա 40 հասցեում կառուցված շենքում բնակարաններ գնած անձինք այդպես էլ չէին ստացել իրենց բնակարանները, դրանք գրավադրվել էին բանկում: Այդ շենքն ավարտելու համար ՀՀ կառավարությունը ժամանակին երաշխավոր էր կանգնել եւ տրամադրել շուրջ 2.5 միլիոն դոլար: