Փողերի յուրացման եւ լվացման մեջ մեղադրվող գործարար Լեւոն Հայրապետյանը, որը 1 տարվա կալանքից հետո երեկվանից ազատության մեջ է, առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայրապետյանի մտերիմ ընկեր Մացակ Փոլադյանը:
«Այս պահին տանն է, սակայն եթե բժիշկները որոշեն, հիվանդանոց կտեղափոխվի»,- ասաց Փոլադյանը:
Նրա խոսքով՝ հենց արցախցի բարերարին թույլատրվի դուրս գալ Ռուսաստանի սահմաններից, նա անպայման Արցախ է այցելելու:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ սեպտեմբերի 15-ը երկարաձգել էր Հայրապետյանին տնային կալանքի ժամկետը։ Հայրապետյանի նկատմամբ հարուցված գործը առանձնացվել էր «Բաշնեֆտի» վարույթից։ Սեպտեմբերի 15-ից հետո կալանքը չի երկարացվել:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով:




























