Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

«Վոլոդյա Ավետիսյանի գործով իրավունքի խախտում կա եւ Եվրոպական դատարանից մենք պահանջել ենք դատական ակտի վերանայում»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ իրենք հույս ունեն, որ իրենց բողոքը կբավարարվի:    

Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: