Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վաղ առավոտյան, դուրս են եկել փողոց՝ պահանջելով պայմաններ ստեղծել խաղողի մթերման համար:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում լուսառատցիները պատմեցին, որ ոչ մի գործարան իրենց բերքը չի մթերում:

«Գործարանների մասը Այգեվան գյուղի հետ է պայմանագիր կնքել, նրանցից են մթերում, իսկ Մասիսի գործարանն էլ ցուցակներ է ուղարկել, որտեղ նշված է մեր գյուղի ընդամենը 58 տնտեսության անուն, որից պատրաստվում են խաղող մթերել: Ու այն գյուղացիներն են, որոնք գարնանն այդ գործարանից թույն եւ ստոլբա են վերցրել: Բա մենք ի՞նչ անենք, վարկեր ունենք մի քանի միլիոնի»,- ասաց գյուղացիներից մեկը:

Այս պահին լուսառատցիներն ընտանիքներով ոտքով շարժվում են դեպի մայրուղի՝ այն փակելու մտադրությամբ:

«Դպրոցում էլ երեխա չկա, բոլորն իրենց ծնողների հետ գնում են դեպի մայրուղի»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Արարատի մարզում բերքի մթերումը լուրջ խնդիր է դարձել: